ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
ԸՆՏՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ*
ՀՏԴ 324 DOI: 10.52063/25792652-2021.2-58
ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ,
«Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն qarik [email protected]
ՆՎԵՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի բակալավր, գ. Լեռնանիստ, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է ընտրական ինստիտուտների պատմական զարգացման և տարբեր պատմաքաղաքական ժամանակահատվածներում վերջիններիս բնորոշ գծերի ուսումնասիրությունը կոնկրետ պետահասարակական հանրույթների օրինակներով: Ժողովրդավարական կառավարումը և դրա կարևորագույն
բաղադրատարրերից համարվող ընտրությունները և ընտրական ինստիտուտները, որոնք կոչված են ապահովելու հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին, մինչ այս տեսքով մեզ հասնելը անցել են պատմական զարգացման երկար ճանապարհ: Հետևաբար ներկայումս դրանցում առկա
տարաբնույթ ու բազմաշերտ խնդիրները ուսումնասիրելու և վեր հանելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի վերջիններիս պատմական զարգացմանը անդրադարձ կատարելը:
Ուսումնասիրությունը կատարելու համար սահմանվել են հետևյալ խնդիրները' առանձնացնել տոհմատիրական կարգերից մինչև ներկայիս իրողություններ ընտրական գործընթացներին և ինստիտուտներին բնորոշ գծերը, վեր հանել հնարավոր պատմական օրինաչափությունները:
Հետազոտությունն իրականացնելիս օգտագործվել են պատմական, համեմատական, համադրության ու վերացարկման մեթոդները:
Ուսումնասիրության վերջնարդյունքում կարող ենք արձանագրել, որ ընտրական ինստիտուտները սաղմնային վիճակում մարդկությանը հայտնի են եղել դեռևս տոհմատիրական ժամանակներից, և վերջիններիս զարգացումը տեղի է ունեցել սոցիալ-քաղաքական մի շարք գործոնների ազդեցությամբ պայմանավորված:
Հիմնաբառեր' ընտրություններ, ընտրական ինստիտուտներ, քվեարկություն, հանրային մասնակցություն, պատմական էվոլյուցիա, ժողովրդավարություն, քաղաքական համակարգ, համընդհանուր ընտրական իրավունք:
* Հոդվածը ներկայացվել է 02.03.2021թ., ընդունվել' 30.06.2021թ.:
գրախոսվել' 08.03.2021թ.,
տպագրության
58
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
Ներածություն: Ժամանակակից աշխարհում ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող պետությունների թվաքանակի աճին զուգահեռ բարձրանում է պետությունների քաղաքական համակարգում ընտրական գործընթացների՝ որպես օրինակարգ իշխանության ձևավորման եզակի միջոցի դերակատարումը:
Ժողովրդավարական կառավարման մոդելը ենթադրում է հասարակության բոլոր շերտերի ակտիվ մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին (ուղղակի կամ անուղղակի), ինչը անհնար է պատկերացնել առանց տվյալ պետությունում կայացած ընտրական ինստիտուտների, համընդհանուր ընտրական իրավունքի և այլ օժանդակ գործոնների առկայության: Ընտրությունները առանցքային դեր ունեն ոչ միայն պետության քաղաքական համակարգում, այլև մեծ ազդեցություն ունեն այս կամ այն երկրի կուսակցական համակարգի առանձնահատկությունների, դրանց գործունակության վրա: Ընտրությունները, ընտրական ինստիտուտներն ու
գործընթացները ուսումնասիրման առարկա են ոչ միայն քաղաքագիտության, այլև սոցիալական այլ գիտությունների՝ իրավագիտության, պատմագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, մարդաբանության, աստվածաբանության համար և յուրաքանչյուր գիտություն ձգտում է վեր հանել սեփական դիսցիպլինին հուզող խնդիրները՝ երևույթն ուսումնասիրելով սեփական դիտանկյունից: Մեր կարծքով, սակայն, «ընտրություն» հասկացության ամենալայն սահմանումները կարող ենք գտնել քաղաքագիտական գրականության մեջ և սահմանադրաիրավական փաստաթղթերում: Ըստ այդմ, քաղաքական ընտրությունը այն գործընթացն է, որին մասնակցելով՝ քաղաքացիները ընտրում ու պատվիրակում են իրենց ներկայացուցչին պետական պաշտոնում՝ նրան լիազորելով որոշակի իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև հաստատում կամ մերժում են այս կամ այն քաղաքական հոսանքը, գաղափարախոսությունը կամ առաջարկը: Ընտրություններում քաղաքացիները
հնարավորություն ունեն արտահայտելու իրենց հավաքական կամքը քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի վերաբերյալ (Labato and Ernst 123-124):
Քանի որ ընտրությունները ի սկզբանե մարդկությանը հայտնի չեն եղել ժամանակակից տեսքով, հոդվածում փորձ ենք արել անդրադառնալ ընտրությունների, ընտրական գործընթացների և ինստիտուտների պատմական էվոլյուցիային:
Ընտրական ինստիտուտների էվոլյուցիան: Ընտրական ինստիտուտների
էվոլյուցիան տեղի է ունեցել հասարակությունների կառուցվածքային բարդացմանն ու նրանցում ժողովրդավարության էլեմենտների ի հայտ գալուն զուգընթաց: Այս առումով ընտրական ինստիտուների կայացումը պետք է դիտարկել հասարակություններում սոցիալ-տնտեսական զարգացումների, ժողովրդավարացման գործընթացների, միջին խավի սաղմնավորման և հարակից այլ սոցիալ-քաղաքական գործընթացների համատեքստում, այլ ոչ թե որպես առանձին երևույթ: «Ընտրություն» եզրի նախասաղմերը և քաղաքական ընտրություն կատարելու գործընթացի որոշ բաղադրատարրեր են եղել դեռևս մի շարք տոհմատիրական ու ցեղապետական կարգ ունեցող հասարակություններում, որոնցում սակայն ընտրությունները չեն ունեցել գլխավորապես իշխանության ձևավորման գործառույթ, ինչպիսին ունեն այսօր, այլ պարզապես եղել են այս կամ այն՝ հիմնականում անկարևոր հարցերի քննարկումների համար նախատեսված հարթակ: Հնդկաստանի պատմության Վեդայական
դարաշրջանում (մ.թ.ա. 1500-500 թվականներ)1 Գանայի2 Ռաջան3 ըստ երեւույթին ընտրվել է Գանայի ղեկավար ազդեցիկ շրջանակի կողմից: Ռաջան պատկանում էր ազնվական Քշատրիյա վառնային (ռազմիկների դաս) և, որպես կանոն, նախորդ Ռաջայի
1 Համընկնում է ուշ բրոնզեդարյան և վաղ երկաթեդարյան ժամանակաշրջանների հետ:
2 Ցեղային կազմակերպություն:
3 Ցեղային կազմակերպության առաջնորդ:
59
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
որդին էր: Այնուամենայնիվ, վերջինիս ընտրություններում Գանայի վերնախավի անդամներին վերապահված էր վերջին խոսքի իրավունք (Robinson 22-23):
Ասիական տարածաշրջանում, մասնավորապես ներկայիս Հնդկաստանի հարավային և Շրի Լանկայի տարածքներում ընտրություններ տեղի են ունեցել նաև այսպես կոչված Սանգամյան դարաշրջանում (մ.թ.ա. 300- մ.թ. 300 թթ.): Այս ընտրություններում գույքային ու տարիքային որոշակի ցենզին համապատասխանող տղամարդիկ ընտրում էին իրենց ներկայացուցիչներին՝ կապարակնքված կաթսայի մեջ գցելով իրենց «քվեաթերթիկները», որոնք այդ ժամանակ միատեսակ, բայց տարբեր ձև ունեցող առարկաներ էին՝ հիմնականում քարեր: Վերոնշյալ օրինակները, ինչպես նշվեց, ունեին ժամանակակից ընտրություններին բնորոշ որոշակի բաղադրատարրեր, սակայն չեն կարող համարվել պատմությանը հայտնի առաջին համընդհանուր ընտրությունները, քանի որ վերջիններս կրել են ոչ համակարգված բնույթ, անցկացվել են տարերայնորեն և կախված են եղել ոչ թե առկա իրավակարգավորումներից, այլ միայն տվյալ պահին իշխած քաղաքական վերնախավի ցանկություններից: Հանրային պաշտոնյաների՝ քիչ թե շատ ներկայանալի և համընդհանուր ընտրության ամենավաղ պատմական տվյալը գրանցվել է մ.թ.ա. 754 թվականին Հին Հունական քաղաք-պետություններից Սպարտայում: Ըստ Սպարտայի օրենքների՝ այստեղ գործում էր խառը կառավարման մի համակարգ, որտեղ թագավորը կիսում էր իր իշխանությունը հինգ ընտրված պաշտոնյաներից՝ էֆորներից (հուն.' £фopoq-վերահսկող) կազմված խորհրդի՝ Էֆորատի հետ (''Ephor, Spartan magistrate''): Էֆորները ընտրվում էին ամեն տարի Սպարտայի բոլոր քաղաքացիների կողմից, և պաշտոնը ստանձնեյիս երդվում էին քաղաքի անունից, մինչդեռ թագավորները երդվում էին իրենց անունից: Հասարակությունների
քաղաքական համակարգում ընտրական ինստիտուտների զարգացման կարևոր փուլ է համարվում հին հունական մեկ այլ քաղաք-պետությունում՝ Աթենքում կիրառված մոդելը: Մ.թ.ա վեցերորդ դարի աթենական ընտրությունները շատ նման էին հունական այլ քաղաք-պետություններում անցկացվող ընտրություններին: Ընտրություններին
մասնակցելու իրավունք ունեին գույքային որոշակի ցենզ ունեցող ազատ տղամարդիկ միայն, քանի որ հենց նրանք էին համարվում Աթենքի քաղաքացի: Ընտրությունները անցկացվում էին ժողովներում, խորհուրդներում ու դատարաններում (Larsen 164-181): Նշանակումները պաշտոններին կատարվում էին ընտրության կամ վիճակահանության միջոցով, սակայն հաճախ նաև այս երկուսի համատեղ օգտագործմամբ: Ընտրված պաշտոնյաները պաշտոնավարումից հետո ենթակա էին վերահսկողության, նրանք նաև կարող էին ժամակաից շուտ լքել իրենց պաշտոնը, եթե քաղաքացիների խորհուրդը այդպես ցանկանար: Ոչ պատշաճ պաշտոնավարման համար նախատեսված էր ընդհուպ մահապատիժ: Ընտրությունները կատարվում էին հիմնականում պարզունակ թվացող մեթոդներով. ձեռք բարձրացնել, քարերի վրա նշումներ կատարել: Հանրային պաշտոններում ընտրություն կատարելուն զուգահեռ՝ Աթենքում տեղի էր ունենում նաև մեկ այլ՝ այսպես կոչված «բացասական» ընտրություն: Այդ ընտրությունները ևս կայանում էին ամեն տարի: Դրանց էությունն այն էր, որ ժողովրդական ժողովում ներգրավված քաղաքացիներին ամեն տարի հնարավորություն էր տրվում որոշել, թե քաղաքական գործիչներից ով է ենթակա Աթենքից տասը տարով աքսորման: Աթենքի քաղաքացիները կատարում էին իրենց ընտրությունը անցանկայի թեկնածուի անունը գրելով կավե ծեփակտորների՝ օստրակաների վրա1 (հուն. оотракюрб^, то ooipaKov -խեցի, կեղև), և եթե գործիչը հավաքում էր 6000-ից ավելի ձայն, աքսորվում էր Աթենքից (Sinclair 114-119): Թեև աթենական ժողովրդավարությունը ընդունված է համարել մարդկությանը հայտնի առաջին ուղիղ ժողովրդավարությունը, այսօրվա չափանիշներով դրանք չեն կարող համարվել ժողովրդավարական ընտրություններ, քանի որ կային
1 Այստեղից է առաջացել Օստրակիզմ, «ostrakismos» եզրույթը:
60
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
բազմաթիվ սահմանափակող ցենզեր' գույքային, սեռային, հաճախ նաև տարիքային, ինչը թույլ չէր տա[իս բնակչության ճնշող մեծամասնությանը մասնակցել ընտրությունների գործընթացին:
Ավելի ուշ՝ մ.թ.ա. երկրորդ դարում, ընտրական ինստիտուտները սկսեցին կայանալ Հռոմեական Հանրապետությունում: Հին Հռոմում բոլոր չափահաս տղամարդիկ՝ քաղաքացիները, իրավունք ունեին ընտրել տարեկան մագիստրատ1, ընդունել օրենքներ, հայտարարել պատերազմ և կնքել խաղաղություն: Սակայն Հին Հռոմում ընտրական համակարգի առանձնահատկությունն այն էր, որ որոշումենրը երբեմն չէին ընդունվում պարզ մեծամասնությամբ. քվեարկության մասնակիցները բաժանվում էին երեք հատուկ խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր անվանումը: Առաջին փուլում ընտրությունը տեղի էր ունենում յուրաքանչյուր խմբի ներսում, և դրանից հետո միայն վերջնական որոշումն ընդունվում էր թվով ամենաշատ խմբերի հավանությանը արժանացած կողմի կամ որոշման օգտին (Staveley 172-175): Հին դարերում ընտրական ինստիտուտները հիմնականում կայացած էին այս երկու հասարակություններում, իսկ Հռոմի կայսերացումից ու հունական քաղաք-պետությունների' ինքնիշխանությունից զրկվելուց հետո՝ միջին դարերում, ժողովրդավարությունը, որը դեռ կայացման նախնական փուլերում էր, հայտնվեց ճգնաժամի մեջ, հետևաբար թուլացան ու տեղ-տեղ իմաստազրկվեցին ու ձևական բնույթ սկսեցին կրել ընտրական մեխանիզմներն ու ինստիտուտները: Մինչև բուրժուազիայի զարգացման շրջանը թագավորական ու ֆեոդալական փուլերում ընտրական մեխանիզմի առանձին դրսևորումներ կային գերմանական ցեղերում, իտալական քաղաք պետություններում, ինչպես նաև հիշատակման են արժանի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի՝ Հռոմի Պապի ընտությունները և որոշ կայսրերի ընտրություններ, որոնք, սակայն, ի տարբերություն վերոնշյալ երկու դեպքերի՝ չէին ներառում հասարակության համեմատաբար լայն շերտեր և հետևաբար քաղաքագիտական կարևոր նշանակություն, մեր կարծիքով, չեն կարող ունենալ:
Ընտրությունները, ընտրական իրավունքն ու ընտրական ինստիտուտները առանձնահատուկ տարածում գտան կապիտալիստական կարգերի առաջացման ու զարգացման ժամանակաշրջանում: Ժամանակակից ներկայացուցչական
ժողովրդավարության ապահովման մեխանիզմ հանդիսացող քաղաքական ընտրությունների արմատները հասնում են մինչև 17-րդ դարի Արևմտյան Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա, ինչը մեծապես պայմանավորված էր միջնադարյան խավարից հետո հասարակության քաղաքական համակարգի վրա լուսավորության ժամանակաշրջանի ունեցած հսկայական դրական ազդեցությամբ: Անցումը
համընդհանուր ընտրական իրավունքին, սակայն, տեղի ունեցավ ավելի ուշ: Նույնիսկ այսօր ամենաժողովրդավարական երկրներից համարվող ԱՄՆ Սահմանադրության մեջ (գրված 1787 թվականին), որը իր մասշտաբայնությամբ առաջինն էր մարդկության պատմության մեջ, ի սկզբանե նախատեսված չէր համընդհանուր ընտրական իրավունքի կիրարկումը, և ընտրություններին մասնակցելու իրավունք էր վերապահված միայն սպիտակամորթ տղամարդկանց՝ այն էլ գույքային որոշակի ցենզի առկայությամբ2, իսկ երկրի ղեկավարը՝ նախագահը, ընտրվում էր ոչ թե ուղիղ քվեարկությամբ, այլ ընտրիչների կոլեգիայի կողմից, համակարգ, որը մինչև օրս գործում է ԱՄՆ-ում: Ժամանակակից ժողովրդավարություններում ընտրության իրավունք ունեցողների թիվը
1 Մագիստրատ-քաղաքացիական պաշտոնյա կամ դատավոր Հին Հռոմում, որը իրականացնում էր հատկապես փոքր նշանակություն ունեցող գործերի դատաքննությունը:
2 Երևույթն այս տրամագծորեն հակասում է ժողովրդավարական, ազատ և արդար ընտրությունների հիմնարար սկզբունքներից մեկին՝ համընդհանրության սկզբունքին: Այս համատեքստում հարկ ենք համարում պարզաբանել, որ համընդհանուր ընտրական իրավունքը բոլոր չափահաս քաղաքացիներին ակտիվ ընտրական իրավունքով օժտելն է՝ անկախ այդ քաղաքացու տնտեսական կարգավիճակից, սեռից և այլ սոցիալական գործոններից:
61
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
աճել է ժամանակի ընթացքում, ինչը նաև շատ հաճախ հետևանքն է եղել ընտրական իրավունքի հանընդհանրության պահանջով տեղի ունեցած հասարակական-քաղաքական շարժումների, ինչպիսիք են՝ կանանց, ինչպես նաև սևամորթների ընտրական իրավունքների համար տեղի ունեցած պայքարները և այլն: Արևմտյան Եվրոպայում ընտրական ինստիտուտների զարգացման համար կարևոր
դերակատարում ունեցավ լուսավորության դարաշրջանը: Լուսավորչական
գաղափարները փոխեցին հասարակության, պետության մասին ամբողջական պատկերացումները, որոնք հատուկ էին միջնադարին: Լայն տարածում գտան անհատապաշտական գաղափարները, որոնք ներկայացնում էին անհատին, մարդուն՝ որպես կյանքի տարբեր ոլորտներում կարևորագույն գործոնի: Ինչ վերաբերում է այս շրջանի քաղաքական հետևանքներին, ապա օրինակ՝ Բրիտանական խորհդրարանը այլևս չէր ընկալվում որպես լոկ կալվածքների, կորպորացիաների շահեր սպասարկող մարմին, այլ որպես անհատների շահերի ներկայացման ու պաշտպանության իրական հարթակ: Մեծ Բրիտանիայում այսպես կոչված փտած կամ գրպանային ընտրատարածքների վերացումը (''Rotten borough''), որոնք սովորաբար գտնվում էին մեկ կամ մի քանի ազդեցիկ ընտանիքների տիրապետության տակ և որոշում էին խորհրդարանի պատկերը, ոչ այլ ինչ էին, քան լուսավորության դարաշրջանի բերած անհատապաշտական մոտեցումների արդյունք ու հետևանք:
Թեև այս ժամանակահատվածում ժողովրդավարության կարևորագույն մեխանիզմ համարվող ընտրությունների ու ընտրական ինստիտուտների զարգացումը որակապես նոր փուլ թևակոխեց և ժողովրդավարության ուղին բռնած պետությունների թվի աճին զուգահեռ վերջիններս կարծես ընդունեցին այն իրողությունը, որ իշխանությունը բխում է ժողովրդից և այն իրականացնելու համար պետք է պարբերաբար ստանալ հանրության վստահության քվեն, այնուամենայնիվ բավականին երկար ժամանակ հենց իշխող վերնախավն էր որոշում, թե ովքեր են մտնում ժողովրդի այն հատվածի մեջ, որի կարծիքը պետք է հաշվի առնել ընտրությունների ժամանակ: Լիակատար ժողովրդավարության կողմնակիցներն ու քարոզիչները պնդում էին, որ ընտրությունների ներկայանալիության ու ժողովրդավարության լիարժեք իրականացման համար անհրաժեշտություն է չափահաս բոլոր քաղաքացիների համընդհանուր ընտրական իրավունքի ճանաչումը և դրա անխափան իրականացումը: Մինչև 1920-ական թվականները տղամարդկանց համընդհանուր ընտրական իրավունքը գործում էր Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրեթե բոլոր երկրներում, մինչդեռ կանանց համընդհանուր ընտրական իրավունքի հաստատումը տեղի ունեցավ ավելի ուշ:
Ֆրանսիայի Առաջին Հանրապետությունը ընդունեց տղամարդկանց համընդհանուր ընտրական իրավունքը 1792 թվականին՝ դառնալով առաջին պետական համակարգերից մեկը, որը վերացրեց գույքային ցենզը: Հունաստանը տղամարդկանց համընդհանուր ընտրական իրավունքը ճանաչեց 1830, Իսպանիան՝ 1869, Գերմանիան՝ 1871 թվականներին: ԱՄՆ-ն 1870 թվականին բարեփուխում մտցրեց իր
սահմանադրության մեջ, որի արդյունքում ԱՄՆ-ում ևս անցում կատարվեց տղամարդկանց համընդհանուր ընտրական իրավունքի: Հարավային նահանգներում, սակայն, այս բարեփոխումը ազդեցություն չունեցավ, և հարավի պաշտոնյաները երկար տարիներ անօրինական միջոցներով զրկում էին սևամորթներին իրենց ընտրական իրավունքը իրացնելու հնարավորությունից: Այս իրավիճակը շարունակվեց մինչև 1965 թվականին Ընտրական իրավունքի գործադրման մասին օրենքի ընդունումը , որը նախատեսված էր ապահովել 1870 բարեփոխման անխափան իրականացումը ԱՄՆ բոլոր նահանգներում: 1902 թվականին Ավստրալիան դարձավ առաջին երկիրը, որը կանանց շնորհեց ոչ միայն ընտրելու, այլև հանրային պաշտոններում ընտրվելու իրավունք, ինչը մեծ ազդեցություն ունեցավ հետագայում ողջ աշխարհում ևս համընդհանուր ընտրական իրավունքի տարածման գործում: Կանանց ընտրելու
62
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
իրավունք հետագայում շնորհեցին Մեծ Բրիտանիան' 1928-ին, Ֆրանսիան' 1944-ին, Բելգիան' 1949-ին, Շվեյցարիան' 1971-ին և այլ երկրներ:
Ընտրական ինստիտուտների զարգացումը յուրօրինակ օրինաչափություններ է ունեցել նաև Հայաստանի պարագայում: Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանը մինչև 1918 թվականի Առաջին Հանրապետության անկախության հռչակումը անկախ պետության կարգավիճակում մշտապես ունեցել է բացարձակ միապետական կառավարման համակարգ, ուստի ընտրություններն ու ընտրական ինստիտուտները պետության քաղաքական կյանքում չեն ունեցել առանցքային նշանակություն. այդ շրջանի ընտրական ինստիտուտների կայացվածության մասին դժվար է խոսել: Ընտրական ինստիտուտների զարգացման տեսանկյունից
հետաքրքրական է Հայաստանի պատմության նորագույն շրջանը: Այս առումով իրավիճակը փոխվում է 1918 թվականի մայիսի 28-ին, երբ Անդրկովկասյան Ֆեդերացիայի լուծարմամբ Հայոց Ազգային Խորհուրդը հռչակում է Հայաստանի անկախությունը (Hovannisian 186-201): Այսպիսով սկսվում է Հայաստանի պատմության մի փուլ, որում ժողովրդավարական ինստիտուտների և մասնավորապես ընտրությունների դերը կտրուկ մեծանում է: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր, միակ համապետական ընտրությունները եղել են խորհրդարանական ընտրությունները: Հայաստանի առաջին Հանրապետության երկամյա պատմության մեջ դրանք անցկացվել են մեկ անգամ՝1919 թվականի հունիսի 21 -23-ին: Համամասնական (կուսակցական) ընտրակարգով անցկացված ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին 20 տարին լրացած բոլոր քաղաքացիները՝ առանց սեռի, ազգության կամ կրոնական խտրականության: Այս առումով հարկ է հատուկ ընդգծել այն, որ կանայք ունեին ոչ միայն ընտրելու, այլև ընտրվելու իրավունք. Հայաստանի առաջին Հանրապետության միակ ընտրված պառլամենտում ներկայացված էին երեք կին (Badalyan): Այս
ժամանակահատվածում, ինչպես նկատել ենք վերևում, սա բացառիկ իրողություն էր ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար: Բացի համապետական ընտրություններից Առաջին Հանրապետությունում անցկացվել են նաև համայնքային ինքնավարությունների՝ զեմստվոների ընտրություններ: Ժողովրդավարական
ազատությունների ու ընտրական ինստիտուտների զարգացման տեսանկյունից անկումային տարիներ էին Հայաստանի երկրորդ Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի տարիները (1920-1991): Այս շրջանում ընտրությունները թեև հանրության անքակտելի իրավունքն էին համարվում սահմանադրաիրավական ամրագրումներով, սակայն դրանք կրում էին ձևական բնույթ, քանի որ երկրում հաստատված էր Կոմունիստական կուսակցության մենիշխանությունը, և ընտրություններում չկար գործող կուսակցությանը իրական այլընտրանք: Երրորդ Հանրապետության
անկախության հռչակումը 1991 թվականին ընտրական ինստիտուտների զարգացման տեսանկյունից շրջադարձային եղավ: Հաստատված բազմակուսակցական համակարգը, ժողովրդավարական ազատությունները իրավունք ու հնարավորություն տվեցին հանրության լայն շրջանակներին մասնակցություն ունենալ պետության քաղաքական կյանքին և ինքնուրույն կայացնել քաղաքական որոշումներ: 1991-ից ի վեր ՀՀ-ում տեղի են ունեցել մի շարք համապետական ընտրություններ՝ նախագահական, խորհրդարանական, ինչպես նաև հանրաքվեներ ու ՏԻՄ ընտրություններ: Թեև ոչ բոլոր ընտրություններն են միանշանակ ընկալվել հանրության և միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, սակայն վստահաբար կարելի է պնդել, որ Հայաստանը գնում է ընտրական ինստիտուտների շարունակական զարգացման ճանապարհով:
Ժամանակակից աշխարհում ժողովրդավարական կամ ժողովրդավարացման ճանապարհով շարժվող բոլոր պետությունները իրենց սահմանադրաիրավական փաստաթղթերում ամրագրել են ազատ, արդար ընտրությունների, ընտրական ինստիտուտների կայացվածության անհրաժեշտությունը: Չնայած ընդունված է
63
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
ներկայացուցչական կառավարման, ընտրությունների անցկացման և
ժողովրդավարության միջև հավասարության նշան դնել և դրանք նույնացնել և չնայած, որ ընտրական ինստիտուտների կայացվածությունն ու համընդհանուր ընտրական իրավունքի գոյությունը ազատ ու արդար ընտրությունների կարևորագույն նախապայմաններից են, այնուամենայնիվ սրանք բավարար գործոններ չեն մրցակցային ընտրությունների ապահովման տեսանկյունից: Պետք է նկատի ունենալ, որ թեև ընտրությունների համար կարևորագույն պայման են այդ պահին գործող սահմանադրաիրավական կարգավորումները, սակայն ընտրությունների էության, դրանց արդյունքի վրա ազդող գործոնները միայն իրավական բնույթ չեն կրում և ավելի լայն դաշտում են գտնվում: Դրանք կապված են մի շարք՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, արժեբանական գործոնների հետ:
Օրինակները շատ են, երբ կայացած ընտրական ինստիտուտներ ունեցող բազմաթիվ երկրներում (ԱՄՆ, Շվեյցարիա) ընտրողների մեծ մասը պարզապես չի մասնակցում ընտրություններին: Սրա պատճառները բազմաթիվ են: Պատճառներից մեկն էլ թերևս այն է, որ ընտրողները, գոհ լինելով սեփական կյանքի որակից, պարզապես չեն տեսնում ո'չ հետաքրքրություն, ո'չ անհրաժեշտություն մասնակցելու ընտրական գործընթացներին: Հնարավոր պատաճռներից են նաև իրական այլընտրանքի բացակայությունը, եղանակային պայմանները, ինչպես նաև բոյկոտը. ի վերջո չմոռանանք, որ գիտակցված չմասնակցությունը ևս քաղաքական մասնակցության ձև է:
Օգտագործված գրականություն | Works Cited
1. ''Ephor, Spartan magistrate''. Encyclopedia Britannica
https://www.britannica.com/topic/ephor. Accessed 15.02.2021.
2. ''Rotten borough''. Encyclopedia Britannica https://www.britannica.com/topic/rotten-borough. Accessed 15.02.21.
3. Badalyan Lena. "Women's Suffrage: The Armenian Formula".
https://web.archive.org/web/20181201005054/https://chaikhana.org/en/womens-suffrage-the-armenian-formula. Accessed 14.03.2021.
4. Hovannisian, Richard. Armenia on the Road to Independence. University of California Press. 1967.
5. Larsen. Jakob. Classical Philology. The University of Chicago Press. 1949.
6. Robinson. Eric. The first democracies: early popular government outside Athens. No. 107. Franz Steiner Verlag. 1997.
7. Sabato. Larry and Ernst. Howard. Encyclopedia Of American Political Parties And Elections (Facts on File Library of American History, upd. ed.). New York: Facts On File. 2007.
8. Sinclair. Robert. Democracy and Participation in Athens. Cambridge University Press. 1988.
9. Staveley. Eastland. Greek and Roman Voting and Elections. Cornell University Press 1972.
64
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
THE HISTORICAL EVOLUTION OF THE DEVELOPMENT OF ELECTORAL INSTITUTIONS
GARIK KERYAN
Yerevan State Univeristy, Faculty of International Relations,
Chair of Political Institutions and Processes, Head,
«Scientific Artsakh» journal, Member of the Editorial Board;
Doctor of Political Sciences, Professor,
Yerevan, Republic of Armenia
NVER KOSTANYAN
Yerevan State Univeristy, Faculty of International Relations,
Department of Political Science, Bachelor,
Lernanist, Republic of Armenia
The purpose of the article is to highlight the historical development of electoral institutions and their characteristic features in different historical and political periods with the examples of specific state and social communities. Democratic governance and one of its most important components: elections and electoral institutions, which are designed to ensure the active public participation in the decision-making process, have come a long way of historical development before reaching us in this form.Therefore, to address the various and multi-layered issues encountered nowadays it is important to explore the historical developments of elections and electoral institutions.
In order to carry out the study, the following tasks were set: to specify the features characteristic of electoral processes and institutions from the tribal order to the current realities and to identify possible historical patterns.
Historical, comparative, combination and abstract methods were used in the research.
To conclude the study, we can state that electoral institutions have been known to mankind in their embryonic states since time immemorial and the their development occurred due to the influence of a number of socio-political factors.
Key words: Elections, electoral institutions, voting, public participation, historical evolution, democracy, political system, universal suffrage
ИСТОРИЧЕСКАЯ ЭВОЛЮЦИЯ РАЗВИТИЯ ИЗБИРАТЕЛЬНЫХ ИНСТИТУТОВ
ГАРИК КЕРЯН
заведующий кафедрой политических институтов и процессов факультета международных отношений ЕГУ, член редакционного совета журнала «Научный Арцах», доктор политических наук, профессор г. Ереван, Республика Армения
НВЕР КОСТАНЯН
бакалавр факультета международных отношений ЕГУ с. Лернанист, Республика Армения
65
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(9), 2021
Цель статьи - осветить историческое развитие избирательных институтов и их характерные особенности в разные исторические и политические периоды на примерах конкретных государственных и социальных общностей. Демократическое управление и один из его наиболее важных компонентов - выборы и избирательные институты, которые призваны обеспечивать активное участие общественности в процессе принятия решений, -прошли долгий путь исторического развития, прежде чем дошли до нас в этой форме. Следовательно, для выдвижения и изучения актуальных разных и многоуровневых проблем важно обратиться к процессам их исторического развития.
Для проведения исследования были поставлены следующие задачи: уточнить особенности, характерные для избирательных процессов и институтов, от родоплеменного строя до современных реалий, и выявить возможные исторические закономерности.
В исследовании использовались исторический, сравнительный, комбинированный и абстрактный методы.
В заключение исследования можно констатировать, что избирательные институты известны человечеству в зачаточном состоянии с незапамятных времен и их развитие происходило под влиянием ряда социально-политических факторов.
Ключевые слова: выборы, избирательные институты, голосование, участие общественности, историческая эволюция, демократия, политическая система, всеобщее избирательное право.
66