Научная статья на тему 'Պետության «Փափուկ ուժի» չափելիության խնդիրը Եվ միջազգային ինդեքսները'

Պետության «Փափուկ ուժի» չափելիության խնդիրը Եվ միջազգային ինդեքսները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
150
20
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
«փափուկ ուժի» կոնցեպտ / միջազգային հարաբերություններ / «փափուկ ուժի» չափելիություն / ինդեքսներ:

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Нарек Минасян

Հոդվածում վերլուծվում է «փափուկ ուժի» չափելիության խնդիրը՝ ներկայացնելով նրա բարդությունը, հիմնական չափորոշիչները և գործիքները: Հոդվածում առաջարկվել է փափուկ ուժի չափման հիմնական մոտեցումների և հետազոտությունների պայմանական դասակարգում, ինչպես նաև ներկայացված են դրանց մեթոդաբանությունը և հիմնական տարբերությունները: Առանձին անդրադարձ է կատարվել պետության փափուկ ուժի չափման տարբեր միջազգային ինդեքսների:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ПРОБЛЕМА ИЗМЕРЕНИЯ «МЯГКОЙ СИЛЫ» И МЕЖДУНАРОДНЫЕ ИНДЕКСЫ

В статье анализируется проблема измерения «мягкой силы», в частности, сложность, основные критерии и инструменты ее измерения. Автором предложена условная классификация основных подходов измерения «мягкой силы», а также представлена их методология и основные отличия. В статье отдельно рассмотрены различные международные индексы, измеряющие «мягкую силу» государства.

Текст научной работы на тему «Պետության «Փափուկ ուժի» չափելիության խնդիրը Եվ միջազգային ինդեքսները»

ՀՏԴ 327.8

ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ՉԱՓԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ

Նարեկ Սիեասյաև'

Բանալի բաոեր «փափուկ ուժի» կոնցեպտ, միջազգային հարաբերություններ, «փափուկ ուժի» չափելիություն, ինդեքսներ:

Պետության ուժի բնույթը մշտապես ենթարկվել է փոփոխությունների: Ժամանակի ընթացքում փոփոխվել են ուժի չափորոշիչները, առաջ են եկել ուժի նոր սուբյեկտներ: Պատմականորեն այդ ուժը չափվել է բնակչության քանակով, տարածքով, բնական ռեսուրսներով, տնտեսական հզորությամբ, ռազմական ուժով և այլն: Օրինակ մինչինդուստրիալ ժամանակաշրջանում պետության հիմնական ուժը համարվում էր նրա բնակչությունը. այն մի կողմից պետությանն ապահովում էր զինվորներով, մյուս կողմից հարկերի տեսքով տրամադրում էր ֆինանսական միջոցներ: Ավելի ուշ պետության ուժի հիմնական դետերմինանտ դարձավ արդյունաբերությունը: 18-րդ դարի կեսից սկսած հենց բրիտանական արդյունաբերության աճող պահանջներն էին հանդիսանում բրիտանական նավատորմի բուռն զարգացման խթաններից մեկը: Այնուհետև արդյունաբերությամբ և հետևաբար ուժով առաջ անցավ Գերմանիան, որն իր երկաթուղային համակարգի միջոցով կարողանում էր մեծ հեռավորության վրա իրականացնել զորքերի արագ տեղաշարժ: Արդյունաբերության և բնակչության դերը հաստատում են այն գաղափարը, որ պետության ուժի ավանդական ընկալումը նույնացվել է պետության «պատերազմելու հզորությանը» [1]:

Պետության ուժի ժամանակակից սահմանումներում դասական փոփոխականները (աշխարհագրություն, բնակչություն, օգտակար հանածոներ և այլն) համեմատաբար քիչ են կարևորվում, դրանց փոխարեն ավելի մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիաներին, կրթությանը, կոմունիկացիաներին, կազմակերպչական և ինստիտուցիոնալ հմտություններին, տնտեսական հզորությանը և այլ փոփոխականների:

՚ ԵՊՀ ասպիրանտ:

1990-ականներից միջազգային հարաբերությունների տեսության մեջ պետության ուժի ավանդական' ռազմական (կոշտ) ընկալմանը զուգահեռ դրվեց պետության «փափուկ ուժի» կոնցեպտուալ ձևակերպման հիմքը: Հարվարդի համալսարանի Քենեդու անվան պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր Ջոզեֆ Նայն առաջինն էր, որը ձևակերպեց և գիտական շրջանառության մեջ մտցրեց «փափուկ ուժ» եզրույթը:

Ըստ Նայի «փափուկ ուժն ունակությունն է հասնելու այն բանին, որպեսզի մյուսները ցանկանան այն արդյունքը, ինչը դու ես ցանկանում» [2], սակայն ոչ թե օբյեկտին հարկադրելու, այլ համոզելու և գրավելու միջոցով: Մյուսների ցանկությունների և վարքի վրա ազդեցությունը կախված է ռեսուրսներից, դրանք կիրառելու ունակությունից, ինչպես նաև դրանց կիրառման միջավայրից: Եթե պետության ավանդական կոշտ ուժը հիմնվում է ռազմական և տնտեսական հզորության վրա, ապա «փափուկ ուժի» ռեսուրսներն են տվյալ պետության մշակույթը, նրա քաղաքական արժեքները, գաղափարախոսությունը և իրականացվող արտաքին քաղաքականությունը [3, p. 11]:

Ըստ մենեջմենթի տեսության կառավարման և վերահսկողության ենթակա են միայն չափելի ցուցանիշները: Չափելիության անհնարինության դեպքում գործունեության այս կամ այն ուղղության կառավարումը ևս դառնում է անհնար: Այս օրինաչափությունը վերաբերում է նաև պետության «փափուկ ուժին»: Միջազգային հարաբերություններում, «փափուկ ուժի» արդյունավետ կիրառման խնդրով պայմանավորված, բավական մեծ է ուշադրությունը «փափուկ ուժի» չափելիության խնդրին: Ի տարբերություն կոշտ ուժի, որի ռեսուրսները նյութական են, իսկ կիրառությունը չափելի' «փափուկ ուժի» չափելիությունն ունի որոշակի բարդություն, ինչը պայմանավորված է մի քանի գործոնով, որոնցից կարելի է առանձնացնել.

1. ռեսուրսների ոչ նյութական բնույթը,

2. ռեսուրսների իրացման համար անհրաժեշտ երկար ժամանակը,

3. «փափուկ ուժի» ազդեցության փոփոխականությունը (օրինակ մի քանի վատ որոշումների արդյունքում),

4. «փափուկ ուժի» աղբյուրների բազմազանությունը:

Թեև Ջոզեֆ Նայն իր ներկայացրած կոնցեպտի շրջանակներում առանձին չի անդրադարձել «փափուկ ուժի» չափելիության խնդրին, այնուամենայնիվ, նրա հեղինակած տարբեր աշխատանքներում առկա են որոշակի չափորոշիչներ, որոնք նա կարևորել է պետության «փափուկ ուժի»

ընդգծման համար: Նման չափորոշիչներից մեկը պետության մշակույթի տարածման մակարդակն է իր սահմաններից դուրս: Նա առանձնացնում է բարձրագույն մշակույթի գրականության և արվեստի կարևորությունը նշելով, որ, օրինակ, Գերմանիան և Բրիտանիան երրորդը և չորրորդն են աշխարհում գրքերի վաճառքով [3, p. 76]: Որպես «փափուկ ուժի» մեկ այլ կարևոր փոփոխական նա առանձնացնում է օտարերկրյա ուսանողների կրթությունը տվյալ երկրի կրթական հաստատություններում: Օտարերկրյա քաղաքացիներին սեփական կրթական հաստատություններում կրթություն տալու կարևորությունը բավական հետաքրքիր է բնորոշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը. «Ես չեմ կարող պատկերացնել առավել մեծ հարստություն, քան ապագա համաշխարհային առաջնորդների բարեկամությունը, ովքեր կրթություն են ստացել այստեղ» [4]: Նայի աշխատանքներում հանդիպող մեկ այլ ցուցիչ է ազատությունը: Ըստ նրա այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, անձնական ազատությունը, սոցիալական շարժունակությունը և բացությունը, նպաստում են ամերիկյան ուժի ամրապնդմանը տարբեր երկրներում [5]: Այդ արժեքների ժամանակակից և առավել համակողմանի չափման օրինակ կարելի է դիտարկել Freedom House-ի կողմից կատարվող երկրների վարկանի-շավորումը ըստ ազատության տարբեր չափորոշիչների:

«Փափուկ ուժի» չափման առաջին չհամակարգված և ոչ մասնագիտացված փորձերը սկսվել են տեսության կայացմանը զուգահեռ: Արդեն 2000-ական թվականներից լույս տեսան առաջին աշխատանքները, որոնք ուղղված էին ժամանակակից պետությունների «փափուկ ուժի» չափմանը: Առաջին նման հետազոտություններից էր գլոբալ հարցերով Չիկագոյի խորհրդի «Փափուկ ուժն Ասիայում 2008» ծրագիրը, որը, սակայն, սահմանափակվում էր միայն տարածաշրջանի երկրներով [6]: «Փափուկ ուժի» առավել ընդգրկուն և համակարգված չափման ուղղությամբ առաջին փորձը կարելի է համարել բրենդինգի և մշակութային քաղաքականության բրիտանացի մասնագետ Ջոնաթան ՄըքՔլորիի 2010-ին հեղինակած զեկույցը: Աշխարհում «փափուկ ուժի» չափմանը նվիրված այդ զեկույցում ներկայացված է «փափուկ ուժի» առաջին բարդ ինդեքսը «Soft power index»: Մասնագիտական գրականության մեջ «փափուկ ուժի» չափելիության խնդիրը դիտարկվում է ինչպես պետության ընդհանուր «փափուկ ուժի», այնպես էլ այդ ուժի առանձին բաղադրիչների գնահատման կտրվածքով: Որպես պետության «փափուկ ուժի» չափման փոփոխականներ դիտարկվում են տեխնոլոգիական նորարարությունը, պետության ցուցաբերած

միջազգային օգնությունը, լեզուների տարածումը, արվեստի, ֆիլմերի և մշակույթի այլ դրսևորումների տարածումը, կառավարությունների հեղինակությունը, տուրիզմը, ներգաղթը, դաշնակցային կապերը, հեռահաղոր-դակցության զարգացածության մակարդակը և այլն: Բացի այդ, երբեմն կիրառվում են հարցումները փորձելով ստանալ այնպիսի հարցերի պա-

\ ռ

տասխաններ, ինչպիսիք են «ո ր երկրի արտադրանքը կցանկանայիք գնել»,

ռ ռ

«ո ր երկրի լրատվությանը կվստահեիք» կամ «որտե ղ կցանկանայիք ապրել, բացի ձեր երկրից» [7]:

Հաշվի առնելով «փափուկ ուժի» չափման մոտեցումների տարբերությունները և չափորոշիչների բազմազանությունը դրանք կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի.

1. Վարկանիշային հետազոտություններ: Նման հետազոտության շրջանակներում «փափուկ ուժի» պոտենցիալն ուսումնասիրվում է որպես պետության «փափուկ ուժի» ռեսուրսների և աղբյուրների ամբողջություն: Համեմատական մեթոդի միջոցով համադրվում են տարբեր պետությունների «փափուկ ուժի» պոտենցիալները, ինչպես նաև նրանց առանձին ռեսուրսները: Այս ամենը հնարավորություն է տալիս դուրս բերել «փափուկ ուժի» տեսանկյունից պետության ուժեղ և թույլ կողմերը, ինչն իր հերթին ստեղծում է գործունեության լայն դաշտ:

2. Կիրառական հետազոտություններ: Այս հետազոտություններում վերլուծության են ենթարկվում «փափուկ ուժի» գործիքները (ծրագրեր, միջոցառումներ և այլն), ինչպես նաև պետության և ոչ պետական դերակատարների կողմից դրանց կիրառումը: Նման գործիքները կոչված են պոտենցիալ «փափուկ ուժը» վերածել իրականի թիրախա-վորված ազդեցություն գործելով այլ երկրների հասարակության տարբեր խմբերի վրա, և բարելավել ազդեցության սուբյեկտի նկատմամբ վերաբերմունքը: Կախված նպատակից նման հետազոտությունները կարող են ուղղված լինել կիրառվող գործիքների քանակական և որակական գնահատմանը (օրինակ տնտեսական նպատակահարմարություն, նպատակահարմարությունը պայմանավորված լսարանի քանակով): Իսկ համեմատական մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս համադրել ինչպես տարբեր պետությունների կողմից կիրառվող գործիքակազմը, այնպես էլ նույն պետության կողմից կիրառվող տարբեր գործիքներ:

3. Արդյունավետության հետազոտություններ: Հետազոտությունների այս խումբը խնդիր է հետապնդում գնահատել «փափուկ ուժի» ար-

դյունքը կամ ազդեցությունը թիրախի վրա: Հատկանշական է, որ արդյունքը կարող է դիտարկվել երկու կտրվածքով վերաբերմունքի փոփոխություն և վարքի փոփոխություն: Օբյեկտ երկրում փոփոխությունները դիտարկվում են որակական և քանակական կտրվածքով և կարող են գնահատվել սոցիոլոգիական հարցումների, վիճակագրական տվյալների (զբոսաշրջիկների քանակ, օտարերկրյա ներդրումների ծավալ և այլն) միջոցով: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ հանրային կարծիքի կամ վարքի փոփոխությունները կարող են տեղի ունենալ այլ, երբեմն իրարից անկախ գործոնների ազդեցությամբ, ուստի բավական դժվար է ապացուցել, որ թիրախի մոտ նկատվող փոփոխությունները հենց «փափուկ ուժի» գործիքների ազդեցության հետևանք են:

Որպես պետությունների «փափուկ ուժի» չափման առավել ամբողջական մեխանիզմներ դիտարկվում են տարբեր փոփոխականների վրա հիմնված միջազգային ինդեքսները: Դրանք տարբերվում են կախված հետազոտության նպատակներից, երկրների ընդգրկման մասշտաբից և առանձնացված փոփոխականներից:

Ջոնաթան ՄըքՔլորիի հեղինակած Փափուկ ուժի ինդեքսը (Soft power index) մշակվել է բրիտանական «Կառավարման ինստիտուտ»-ի և «Monocle» ամսագրի համագործակցության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում [8]: Երեք տարի հրապարակված ուսումնասիրությունների մեջ ներկայացվում է պետությունների «փափուկ ուժի» պոտենցիալի համեմատական համադրում հիմնվելով 50 չափորոշիչների վերլուծության վրա, որոնք բաժանվում են 5 խմբի պետական կառավարում, մշակույթ, դիվանագիտություն, կրթություն և բիզնես/նորարարություն:

Ջոնաթան ՄըքՔլորին հետագայում «Portland» մեդիա-ընկերության հետ 2015թ. հրատարակեց «Փափուկ ուժ 30» («The Soft Power 30» զեկույցը Ջոզեֆ Նայի նախաբանով [9]։ Այն պետությունների «փափուկ ուժի» չափման թարմացված ինդեքսն է ներկայացնում, որը հիմնվում է 6 ենթաինդեքսների վրա կառավարություն, ներգրավվածություն, մշակույթ, կրթություն, ձեռնարկատիրություն, թվային միջոցներ: Յուրաքանչյուր ենթաինդեքս իր հերթին բաղկացած է ցուցիչներից: «The Soft Power 30» ամենամյա զեկույցում ներկայացված են աշխարհի առաջատար 10 երկրները ըստ յուրաքանչյուր ենթաինդեքսի, ինչպես նաև երկրների աշխարհի առաջատար 30 երկրների վարկանիշային ցանկը ըստ «փափուկ ուժի» ընդհանրական ինդեքսի:

«Ernst&Young» ընկերությունը և «СКОЛКОВО» բիզնես դպրոցի արագ զարգացող շուկաների Մոսկվայի ինստիտուտը համատեղ մշակել են Զարգացող շուկաների փափուկ ուժի ինդեքսը (Emerging Markets Soft Power Index) [10]։ Այս վարկանիշային հետազոտությունը կրում է պարբերական բնույթ: Հրապարակված առաջին ուսումնասիրությունը ներառում է 2005-2010թթ. ընկած ժամանակահատվածը: Ինդեքսը հաշվարկվում է ըստ 13 փոփոխականի, որոնք բաժանված են երեք խմբի համաշխարհային ինտեգրվա-ծություն, համաշխարհային հեղինակություն, գլոբալ ամբողջականություն:

Համաշխարհային ներկայության ինդեքսը (Global Presence Index) հրապարակվում է 2010-ից իսպանական Էլկանո թագավորական ինստիտուտի կողմից [11]։ Ինդեքսը բաղկացած է 3 տարբեր բաղադրիչից ռազմական, տնտեսական և «փափուկ» ներկայություն: Դրանցից յուրաքանչյուրը հաշվարկվում է տարբեր երկրներում աշխատող փորձագետների շրջանում իրականացվող հարցումների արդյունքների հիման վրա:

Անհոլտ-GIK Roper ազգային բրենդների ինդեքսը (Anholt-GIK Roper Nation Brands Index) հրապարակվում է մարքեթինգային ուսումնասիրություններում մասնագիտացած GJK ընկերության և ազգային բրենդինգի բրիտանացի հայտնի մասնագետ Սայման Անհոլտի կողմից: 50 պետության վարկանիշավորումն իրականացվում է աշխարհի 20 զարգացած և զարգացող երկրներում կազմակերպվող հարցումների արդյունքների հիման վրա, որոնց մասնակցում է շուրջ 20 հազար հոգի: Պետությունները գնահատվում են 6 չափորոշիչով մարդիկ, պետական կառավարում, արտահանում, զբոսաշրջություն, մշակույթ և ժառանգություն, ներդրումներ և ներգաղթ [12]։

«Reputation Institute» խորհրդատվական ընկերությունը 2010-ից հրապարակում է ամենամյա Երկրների հեղինակության վարկանիշը (Country-RepTrack) հիմնվելով Մեծ ութնյակի (G8) երկրների բնակչության շրջանում հանրային կարծիքի հարցումների վրա [13]։ Ինդեքսը հիմնված է զքացմուն-քային և ռացիոնալ գործոնների վրա, որոնք պայմանավորում են մարդկանց վերաբերմունքը որևէ երկրի նկատմամբ: Զգացմունքային գործոններից են հարգանքը, հիացմունքը, վստահությունը, իսկ ռացիոնալներից տնտեսության, կառավարման, միջավայրի գնահատականը:

«Փափուկ ուժի» չափման ներկայացված միջազգային ինդեքսները տարբերվում են թե մեթոդաբանությամբ, թե առանձնացված չափորոշիչ-ներով, թե նպատակով: Այս ամենը, բնականաբար, չի կարող իր արտահայտումը չունենալ այդ ինդեքսների հիման վրա իրականացված հետազո-

տությունների, վարկանիշավորման արդյունքների վրա: Այս ամենն

առավել պատկերավոր ներկայացված է Աղյուսակ 1-ում.

Աղյուսակ 1

2016թ. «փափուկ ուժի» ամենամեծ պոտենցիան ունեցող 10 երկրները ըստ տարբեր միջազգային ինդեքսների

The Soft Power 30 Anholt-GfK Nation 2016 Country RepTrak

Brands Index 2016

1 ԱՄՆ ԱՄՆ Շվեդիա

2 Մեծ Բրիտանիա Գերմանիա Կանադա

3 Գերմանիա Մեծ Բրիտանիա Շվեյցարիա

4 Կանադա Կանադա Ավստրայիա

5 Ֆրանսիա Ֆրանսիա Նորվեգիա

6 Ավստրալիա Իտայիա Ֆինլանդիա

7 Ճապոնիա Ճապոնիա Նոր Զելանդիա

8 Շվեյցարիա Շվեյցարիա Դանիա

9 Շվեդիա Ավստրալիա Իռլանդիա

10 Նիդեռյանդներ Շվեդիա Նիդեռլանդներ

«Փափուկ ուժի» չափելիության և դրա մեխանիզմների ուսումնասիրության պարագայում բավական կարևոր է հստակ պատկերացնել, թե ինչն է համարվում պետության «փափուկ ուժի» չափորոշիչ, այսինքն մի կողմից տարանջատել պետության «փափուկ ուժի» ռեսուրսների որակական և քանակական գնահատականները, մյուս կողմից աշխարհում նրանց իրական ազդեցության ընկալումը: Այս ամենի մանրակրկիտ վերլուծությունը յուրաքանչյուր պետության համար ստեղծում է լայն հնարավորություններ ինչպես «փափուկ ուժի» առավել արդյունավետ իրացման, այնպես էլ ռազմավարական պլանավորում կատարելու համար:

Հաշվի առնելով միջազգային հարաբերություններում «փափուկ ուժի» դերակատարման աճի միտումները, ինչպես նաև «փափուկ ուժի» կոնցեպ-տի նկատմամբ առկա հետաքրքրությունը կարելի է միանշանակ պնդել, որ «փափուկ ուժի» կոնցեպտի օպերացիոնալացման գործընթացը շարունակելու է թափ հավաքել: Չնայած մինչ օրս չի մշակվել «փափուկ ուժի» չափելիության ունիվերսալ մեխանիզմ, այնուամենայնիվ, այսօր առկա տարբեր ինդեքսների և ուսումնասիրությունների բազմազանությունը յուրաքանչյուր պետության հնարավորություն է տալիս առավել հստակ պատկերաց-

նել միջազգային հարաբերություններում առկա իրողությունները ուրվա-գծելով նաև աշխատանքի լայն դաշտ:

Հունիս, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Joseph Nye, Why military power is no longer enough, 2002, from https:// www.theguardian.com/world/2002/mar/31/1

2. Joseph Nye, Soft power // Foreign Policy, No. 80, Autumn 1990, р. 167.

3. Joseph Nye, Soft Power: The Means to Success in World Politics, Public Affairs, 2004.

4. Secretary Colin L. Powell Statement on International Education Week 2001 Washington, DC, August 7, 2001 from https://2001-2009.state.gov/secretary/former/ powell/remarks/2001/4462.htm

5. Joseph Nye, The Paradox of American Power, Why the World’s Only Superpower Can’t Go It Alone. New York: Oxford University Press, 2002, p. 11.

6. Jonathan McClory, The new persuaders: an international ranking of soft power, Institute for Government, 2010 https://www.instituteforgovernment.org.uk/sites/ default/files/publications/The%20new%20persuaders_0.pdf

7. Gregory Treverton, Seth Jones,Measuring National Power, RAND Corporation, 2005, p 11-14 from http://www.rand.org/content/dam/rand/pubs/conf_proceedings/ 2005/RAND_CF215.pdf

8. Jonathan McClory, The new persuaders III: A 2012 Global Ranking of Soft Power. 2013 http://www.noravank.am/upload/pdf/21_DAR_02_2017.pdf

9. Jonathan McClory, The Soft Power 30: A Global Ranking Of Soft Power, 2015, from http://comresglobal.com/wp-content/uploads/2015/07/Report_Final-published.pdf

10. Rapid-growth Markets Soft Power Ind, Ernst and Young, Spring, 2012, from http:// www.ey.com/Publication/vwLUAssets/Rapid-growth_markets:_Soft_power_index/ $FILE/Rapid-growth_markets-Soft_Power_Index-Spring_2012.pdf

11. Elcano Global Presence Report 2017, Real Instituto Elcano, Madrid, 2017, from http://www.globalpresence.realinstitutoelcano.org/en/data/Global_Presence_ 2017.pdf

12. Anholt-GfK Roper Nation Brands Index, 2016, from http://nation-brands.gfk.com/

13. Country RepTrak 2016: The Most Reputable Countries in the World, 2016, from https://www.reputationinstitute.com/CMSPages/GetAzureFile.aspx?path=~% 5Cmedia%5Cmedia%5Cdocuments%5Ccountry-reptrak-2016.pdf&hash= 5a4232c6bfda0af12fca90660d5f8d18a657ac230d062e34e0bb589c0d3c1538&ext=.pdf

ՊԵՏՈՒԹՅԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ՉԱՓԵԼԻՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ

Նարեկ Միեասյան

Ամփոփագիր

Հոդվածում վերլուծվում է «փափուկ ուժի» չափելիության խնդիրը ներկայացնելով նրա բարդությունը, հիմնական չափորոշիչները և գործիքները: Հոդվածում առաջարկվել է փափուկ ուժի չափման հիմնական մոտեցումների և հետազոտությունների պայմանական դասակարգում, ինչպես նաև ներկայացված են դրանց մեթոդաբանությունը և հիմնական տարբերությունները: Առանձին անդրադարձ է կատարվել պետության փափուկ ուժի չափման տարբեր միջազգային ինդեքսների:

ПРОБЛЕМА ИЗМЕРЕНИЯ «МЯГКОЙ СИЛЫ»

И МЕЖДУНАРОДНЫЕ ИНДЕКСЫ

Нарек Минасян

Резюме

В статье анализируется проблема измерения «мягкой силы», в частности, сложность, основные критерии и инструменты ее измерения. Автором предложена условная классификация основных подходов измерения «мягкой силы», а также представлена их методология и основные отличия. В статье отдельно рассмотрены различные международные индексы, измеряющие «мягкую силу» государства.

THE ISSUE OF MEASURING THE STATE’S "SOFT POWER"

AND THE INTERNATIONAL INDICES

Naiek Minasyan

Resume

The article analyzes the issue measuring the state’s "soft power", and presents its complexity, key criteria and tools. The article proposes a conditional classification of the main approaches and studies of measuring "soft power", as well as presents their methodology and the main differences. In addition, various international indices for measuring the "soft power" of a state are discussed.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.